211652_close_icon
views-count1054 դիտում article-date 13:52 26-05-2023

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական մանրամասները. Օվերչուկ

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Այս մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։

«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը: Սա շատ կարևոր է», - ընդգծել է նա։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։

«Մենք կոնկրետ կխոսենք այն մասին, թե ինչպիսին է լինելու (խմբ.՝ սահմանի) հատման կարգը և ինչ ընթացակարգեր են գործելու», - հայտարարել է նա։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։

Նմանատիպ նյութեր