211652_close_icon
views-count922 դիտում article-date 18:09 29-05-2023

Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Այցին ներկա էին կապալառու և որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատանքները ընթանում են՝ համաձայն ժամանակացույցի և նախատեսված ծրագրի: Քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, տեղում տրվել են նոր նախագծային լուծումներ: Շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

Այցի շրջանակում նախատեսված հաջորդ հուշարձանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող Մխիթար սպարապետի գերեզմանն էր: Աշխատանքային խմբի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ Խնձորեսկի պահպանական գոտում իրականացվող շինարարության վերաբերյալ: Քննարկվել է Խնձորեսկին արգելոց–թանգարանի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Վայոց ձորի մարզի Հորս գյուղ, որտեղ վարչական ղեկավարի հետ դիտարկվել են 13-րդ դարով թվագրվող Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը («Չեսարի դարպաս») և նրա հարակից տարածքում գտնվող եկեղեցին: Վերջինը գտնվում էր կիսավեր վիճակում, մի մասով հատում էր գյուղական նշանակության ճանապարհը, որի արդյունքում քանդվել էր եկեղեցու արևմտյան հատվածը: Մասնագիտական խումբն արձանագրել է պեղումների իրականացման անհրաժեշտությունը, որից հետո թանգարանացման ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ձեռք բերել կառույցների միասնական վերականգնման նախագիծը՝ հուշարձանը վերականգնելու նպատակով:

 

Նմանատիպ նյութեր