211652_close_icon
views-count691 դիտում article-date 12:09 01-06-2023

ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկցած փորձի

Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած նամակը:

«Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է», - գրված է նամակում:

Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:

Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնում, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը:

Նմանատիպ նյութեր