211652_close_icon
views-count1201 դիտում article-date 11:11 13-06-2023

Ինչպես էր թշնամին վարվում հայ «խաղաղասերների» հետ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, «անցակետ» է տեղադրել Բերձորի միջանցքում: Այս ամբողջ ընթացքում այդ «անցակետից» քարոզչական կադրեր է հրապարակում՝ ցույց տալու համար, թե իբր Արցախի շրջափակում գոյություն չունի, եւ հայերը կարող են անարգել անցնել երկու ուղղություններով: Հայաստանի պետական քարոզչությունը եւ դիվանագիտությունը առանձնապես ջանքեր չեն գործադրում՝ ցույց տալու համար, որ նման «անցակետ» չպիտի լինի, որ դա իրավական եւ քաղաքական առումով ՀՀ-ի համար բացարձակապես անընդունելի է: Հավանաբար, այդ «հանդուրժողականությունը» պայմանավորված է Հայաստանի ներկայիս իշխանությունների «ռազմավարությամբ», համաձայն որի՝ Արցախի եւ Գլենդեյլի հայերի միջեւ, հայկական պետության տեսանկյունից, ոչ մի տարբերություն չկա:

Բայց նախ՝ այդ «անցակետը» գործում է միայն հատուկ՝ հիմնականում բուժական նպատակներով տեղափոխվող արցախցիների համար:

Երկրորդ՝ նրանք, ովքեր գտնվում են, ապրում են Լեռնային Ղարաբաղում, սակայն Արցախի «գրանցում» չունեն, գուցեեւ կարողանան այնտեղից դուրս գալ, բայց վերադառնալու հնարավորություն հաստատ չեն ունենա: Մենք էլ, ասենք, Երեւանից, բնականաբար, չենք կարող անարգել գնալ Արցախ, ինչպես որ դա, եւս մեկ անգամ հիշեցնեմ, նախատեսված է եռակողմ հայտարարությամբ:

Բայց այսքանով Ադրբեջանի լկտիությունը չի սահմանափակվում: Տեղեկություններ են շրջանառվում, որ արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների մասնակիցներին, որոնք առողջական խնդիրների պատճառով պիտի բուժում ստանային Հայաստանում, ադրբեջանցիները թույլ չեն տվել հատել անցակետը՝ նրանց որակելով «ահաբեկիչներ»։ Նաեւ կա դեպք, երբ Հայաստանում մահացած արցախցու դին թույլ չեն տվել տեղափոխել Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, որ նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։ 

Հասկանալու համար, թե ինչպիսի «դրախտում» են հայտնվելու արցախցիները՝ որպես «Ադրբեջանի ազգային փոքրամասնություն», բավական է հետեւել Իլհամ Ալիեւի հայտարարություններին: Իշխանության կողմնակիցները երբեմն ասում են՝ «ինչո՞ւ եք այդքան մեծ ուշադրություն դարձնում Ալիեւի ասածներին»: Պատասխանեմ այդ հարցին՝ որովհետեւ Ադրբեջանի զինուժը (ըստ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի) զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 139 քառակուսի կիլոմետրը: Ավելացնենք, որ մեր իշխանությունը՝ փոխանակ վերականգնի մեր պետության տարածքային ամբողջականությունը (ինչն իր սահմանադրական պարտականությունն է), խոսում է ինչ-որ «խաղաղության օրակարգի մասին»: Այնպես որ՝ Ադրբեջանում ոչ միայն խոսում են, այլեւ գործում:

Եվ ահա՝ խոսելով Արցախի իշխանություննների մասին, Ադրբեջանի նախագահն ասել է հետեւյալը. «Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները եւ դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»։ Մեր բազմադարյա պատմական փորձը ցույց է տալիս, որ այն ազնվականները, նախարարները, որոնք ընդունում էին օտար տիրապետությունը եւ, այսպես ասած, «Տիզբոն» էին գնում՝ մեղայական ներկայացնելու, ոչ մի «համաներում» էլ չէին ստանում, եթե նույնիսկ նրանց այդպիսի խոստում էր տրվում: Իսկ իմանալու համար, թե ինչ էին «տիզբոններում» անում այդպիսի ազնվականների հետ, խորհուրդ եմ տալիս հայոց պատմությունն ուսումնասիրել, կամ առնվազն՝ պատմական գրքեր կարդալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր