211652_close_icon
views-count1042 դիտում article-date 20:59 13-06-2023

Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Բաքվի միակողմանի որոշումը հակասում է խաղաղության ջանքերին. Բորել

Կոնկրետ այս անցակետը (Լաչինի միջանցքում - խմբ.) ստեղծելու Ադրբեջանի միակողմանի որոշումը, իրոք, հակասում է կողմերի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերին, այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ ներկայիս իրավիճակը հատկապես ծանր է ղարաբաղցի հայերի համար, որոնք «մնացել են կոնկրետ այդ անկլավում»։

Միաժամանակ նա նշել է, որ Լաչինի միջանցքը դուրս է ԵՄ քաղաքացիական առաքելության աշխարհագրական պատասխանատվության շրջանակից։

Բորելը հակադարձեց նաև Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ-Քսավյե Բելամիին, ով հայտարարել էր, որ Եվրամիությունը ոչինչ չի անում իրավիճակը կարգավորելու համար։

Այս կապակցությամբ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է Մոլդովայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Նա նաև հիշեցրեց, որ հուլիսին սպասվում է ևս մեկ հանդիպում։

«Մենք անում ենք այն ամենը, ինչ հնարավոր է», - ընդգծել է Բորելը, հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Շարունակելով պատասխանել Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին՝ Ժոզեպ Բորելը շեշտեց, որ ԵՄ առաքելությունը պարզապես չի կարող վերջ դնել ադրբեջանական անցակետի գոյությանը, քանի որ դա զինված առաքելություն չէ, և «միակ լուծումը դիվանագիտականն է»։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դաշինքի դիվանագիտական ​​ջանքերի շնորհիվ հաջողվել է խուսափել հայկական և ադրբեջանական կողմերի միջև հակամարտության վերսկսումից և «համենայն դեպս այժմ զոհեր չկան»։

Նմանատիպ նյութեր