211652_close_icon
views-count928 դիտում article-date 11:50 14-06-2023

Միջազգային գործընկերներին կոչ ենք անում գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներ. Էդմոն Մարուքյանը՝ Երասխի գնդակոծության մասին

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա կից հրապարակել է ադրբեջանական կրակի հետևանքով վնասված մեքենաների ու ենթակառուցվածքների լուսանկարները:

«Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ: Սա խաղաղության գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին հակասող աղաղակող պահվածք է և ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և մեր միջազգային գործընկերներին կոչ ենք անում գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներ և ուղղակի կոչեր՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիայի հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ»,- նշել է Մարուքյանը՝ իր գրառման տակ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: 

 

Նմանատիպ նյութեր