211652_close_icon
views-count1444 դիտում article-date 09:33 16-06-2023

Խաղաղության համար Ադրբեջանը կարող է այս գործարանն ուզի, կարող է՝ Երասխն ուզի՝ ո՞նց տանք, ո՞վ տա․ Երասխ վարչական շրջանի ղեկավար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Երասխ համայնքի ժողովուրդը չի կարող իր հարեւանի՝ Ադրբեջանի հետ, Նախիջեւանի հետ հարեւանություն անի կամ բարեկամություն». «Առավոտի» զրուցակիցն է Արարատ համայնքի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:

«Ինչ եղավ՝ էս երկու օրն եղավ: Ամբողջը եղավ այս գործարանի համար, որ իրենք արգելեն գործարանի կառուցվելը, քանի որ այս գործարանը միտված է լինելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, առաջխաղացմանը: Նաեւ գյուղի զարգացման համար է լավ ու պաշտպանության: Ադրբեջանն էլ՝ մեր թշնամին, մեզնից 400-500 մետր հեռու, որոշել են թիրախավորել ու չթողնել, որ աշխատանք կատարվի: Բայց այս հարցը շուտով կլուծվի»,- սահմանամերձ Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանի մտորումներն են: 

Նա երեկ շատ ուրախ էր, ոգեւորված, լավատեսական տրամադրություններով. ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց գյուղում էին: Դեսպաններն այցելել էին գյուղի տարածքում ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարան: 

Նախորդ երկու օրերին Երասխն ադրբեջանական կրակահերթերի տակ էր: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել, նրանց կյանքի վտանգ չի սպառնում: 

Ամերիկյան կողմը 70 միլիոն դոլարից ավելի ներդրում է կատարել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանում: Գործարանի գործարկման արդյունքում նախատեսվում է մոտ 1000 նոր աշխատատեղի բացում: 

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը դեսպաններին ասաց, որ Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խոչընդոտելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը, եւ ադրբեջանական կողմի պնդումները, թե բնապահպանական խնդիրներ կան, չեն համապատասխանում իրականությանը. «Հավաստիացնում եմ՝ բնապահպանական որեւէ խնդիր չկա, միակ միտումը խանգարելն է, որ սահմանամերձ բնակավայրերը զարգանան»: 

Սարո Այվազյանի հետ զրուցում ենք. 

-Ո՞վ է ասում՝ թշնամի ենք, ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների մեջ ենք, ուզում ենք բարեկամանանք, ու դրա դիմաց իրենք ինչ ուզում են՝ մեր իշխանությունը պատրաստ է տալ: 

-Չի լինի: Ո՞նց կարող ենք բարեկամանալ, եթե մենք ունեցել ենք մեծ զոհեր, կոտորածներ: Ես 60 տարեկան եմ, իրենց հետ ապրել եմ. իրենք ակտիվ չեն եղել, բայց հիմա շատ ակտիվ են, որովհետեւ հաղթած պետություն են կոչում իրենց: Բայց մեկ է, ես իրենց չեմ համարում հաղթած: Իրենք՝ իրենց կեղտոտ խաղերով ուզում են զրպարտել մեզ: Ու այսօր էլ այդ ամենը՝ խաղաղությունը, հաշտությունը, շատ դժվար է իրենց հետ: 

-Բայց Հայաստանի իշխանությունը համարում է, որ դա պետք է ու պատրաստ է ամեն գնով դրան գնալ, անընդհատ են հայտարարում: 

-Դա կարող է անել իշխանությունը, իսկ ժողովուրդը, մեր Երասխ համայնքի ժողովուրդը, չի կարող իր հարեւանի հետ՝ Ադրբեջանի, Նախիջեւանի հետ հարեւանություն անի կամ բարեկամություն: 

-Ինչի՞ չեք կարող. ասենք հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի, որի հիման վրա դառնանք բարեկամներ, ի՞նչ պիտի անեք: 

-Կկնքվի՝ մենք կապրենք մեր կողմում, իրենք թող ապրեն իրենց կողմում, մենք չշփվենք, էդ շփումն էլի կառաջացնի վատ բաներ: 

Այդպես ապրելը Սարո Այվազյանը հնարավոր է համարում: Անկլավների, դրանց վերադարձի մասին հարցն էլ կիսատ թողեց. 

-Որպես վարչական շրջանի ղեկավար, ես չեմ կարող անցնել այդ հարցերին: Ինքս՝ պատերազմի մասնակից, ճանապարհ անցած, վիրավորվել եմ... Հիմա ուզում եմ խաղաղ ապրենք, պատերազմ չլինի, տա Աստված լինի խաղաղությունը: 

-Բայց այդ խաղաղության դիմաց Ադրբեջանն ինչ-որ բան է ուզում եւ անընդհատ: Տա՞նք: 

-Դե, հիմա, ինքն էդպես է: Խաղաղության համար նա կարող է այս գործարանն ուզի, կարող է՝ Երասխն ուզի՝ ո՞նց տանք, ո՞վ տա: Տվող չկա, ուզող՝ շատ կա, տվող է պետք:

-Իշխանությունը պատրաստ է տալ... 

-Լավ, շնորհակալություն: 

-Իսկ ադրբեջանցիների հետ համակեցության մասին ի՞նչ կասեք. 1990-ականներին այստեղից հեռացած ադրբեջանցիներին, ըստ խոսակցությունների, ուզում են ետ վերադարձնեն: 

-Չի լինի, դա չի լինի: Դրանք զուտ խոսքեր են. նրանք չեն վերադառնա, մենք էլ չենք ուզի, թեկուզեւ այնտեղ տուն կորցրած լինենք, չենք գնա. իմ հայրենիքը, իմ տունը այստեղ է, հայ ենք, մենք քրիստոնյա ենք, պիտի ապրենք մեր հողի վրա: Ես իմ հողի քաղցրությունը զգամ, ուրիշ բան չեմ ուզում: 

-Այս ամենն ի՞նչ լուծում կունենա, մինչեւ ո՞ւր կզարգանա ռազմական էսկալացիան: 

-Լուծումը սա է՝ իրենց կողմից սադրանքները կավարտվեն, մեր կողմից էլ այս լավ աշխատանքները կշարունակվեն, գյուղացու լավ ապրելն ավելի կլավանա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր