211652_close_icon
views-count817 դիտում article-date 18:43 20-06-2023

Կրկնակի շրջափակման մեջ հայտնված Հին Շենում ծանր հիվանդները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից

Կրկնակի  շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Այդ մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Մինչև երկկողմանի շրջափակումը, պետնախարարի հետ համաձայնեցնելով, պետք է ծանր հիվանդություն ունեցող անձանց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխեինք համապատասխան բուժհաստատություններ, ինչը, սակայն, վերջին դեպքերի պատճառով  անհնար է դարձել»,- մանրամասնել է համայնքապետը:

Նրա խոսքով՝  այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք՝ որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել  մինչև կրկնակի  շրջափակումը:

«Այս պահի դրությամբ  համայնքում առկա են նաև ալյուր, շաքարավազ, բանջարեղեն: Շուտով Կարմիր Խաչի օգնությամբ նորից պարենամթերք կբերվի։ Արդեն հասունացել են մրգերի որոշ տեսակներ: Մեկ ամիս կօգտագործենք նաև մեր մշակած բանջարեղենը»,- ասել է Սամվել Սարգսյանը ՝  հավելելով, որ այս տարի ավելացրել են մի շարք մշակաբույսերի՝ այդ թվում կարտոֆիլի ու կանաչեղենի ցանքսը: Պարենային պաշարը ինչ-որ  չափով էլ կարողանում են համալրել անասնապահությունից ստացած մթերքով:

Համայնքապետը մտահոգիչ է համարել նաև հինշենցի ուսանողուհու հետ կապված խնդիրը, ով  շրջափակման պատճառով  չի կարողացել գյուղից վերադառնալ մայրաքաղաք՝ գոնե քննաշրջանին մասնակցելու համար։

 

Նմանատիպ նյութեր