211652_close_icon
views-count1009 դիտում article-date 09:19 22-06-2023

Բայդենը դրամահավաք է իրականացնում նախընտրական քարոզարշավի համար

Մինչև հունիսի վերջ նախագահ Բայդենը մասնակցելու է դրամահավաքի նպատակով կազմակերպվող քաղաքական մի քանի միջոցառումների. միջոցներն օգտագործվելու են 2024 թվականին վերընտրվելու արշավի սկզբնական փուլերում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բայդենն այս շաբաթ դրամահավաք կանցկացնի Սան Ֆրանցիսկոյում կայանալիք չորս միջոցառումների ժամանակ։ Քաղաքը ԱՄՆ արևմտյան ափին դեմոկրատների հենասյունն է և դրամական մուտքերի ավանդական աղբյուր կուսակցության ղեկավարների համար։

Ընդհանուր առմամբ, առաջիկա երկու շաբաթներին նախագահի մասնակցությամբ ծրագրված է քսան այդպիսի միջոցառում։

Ընդ որում, միջոցառումներից առնվազն կեսին Բայդենն անձամբ կմասնակցի, իսկ մնացածին ելույթ կունենան առաջին տիկին Ջիլ Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։

Նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին Բայդենը հայտարարեց այս ապրիլին։

Սան Ֆրանցիսկոյից զատ, Բայդենը նախատեսում է մասնակցել դրամահավաքներին Նյու Յորք, Մերիլենդ և Իլինոյս նահանգներում, որոնք նույնպես դեմոկրատների հենարանն են համարվում։

Հանգստյան օրերին Փենսիլվանիայում առանցքային արհմիությունները հանդես եկան ի աջակցություն Բայդենի. նահանգը, այսպես կոչված, տատանվողներից է։

«Մենք շատ բան ենք արել»,- անցած շաբաթ հայտարարել էր Բայդենը։ «Մեզ հարկավոր է, որ պարզապես շատերը հասկանան, որ մենք այդ արել ենք, և մենք պետք է ազնիվ լինենք մարդկանց հետ: Պարզապես հնարավորինս անկեղծ լինել»:

Դրամահավաքի միջոցառումները բաժին հասան տարվա երկրորդ եռամսյակի ավարտին, երբ ԱՄՆ քաղաքական գործիչները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հավաքված գումարի վերաբերյալ և հրապարակեն իրենց հիմնական հովանավորների ցուցակը:

Մինչդեռ, հանրապետականները նախատեսում են օգոստոսին անցկացնել իրենց առաջին նախընտրական բանավեճերը, սակայն դեռ հայտնի չէ, թե քանի թեկնածու կառաջադրվի։

Թեկնածուները պետք է համապատասխանեն Հանրապետական կուսակցության պահանջներին՝ հարցման արդյունքում ունենալ նվազագույն աջակցություն և քարոզարշավի համար ժողովված միջոցներ։

Ըստ համապետական հարցումների, 2024 թվականի նախագահական ընտրապայքարին հայտ ներկայացրած հանրապետական թեկնածուների շարքում առաջատարը նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։ Նա 30 տոկոսային կետով առաջ է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսից, էլ ավելի շատ` մյուս թեկնածուներից, որոնց պատրաստ է աջակցել հանրապետական ընտրազանգվածի ոչ ավելի, քան 5 տոկոսը։

Թրամփի հանրապետական մրցակիցների թվում են նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին, սենատոր Թիմ Սքոթը և նախկին նահանգապետեր Քրիս Քրիստին ու Ասա Հաթչինսոնը։

Նմանատիպ նյութեր