211652_close_icon
views-count1528 դիտում article-date 10:59 23-06-2023

ԱՄՆ ռազմածովային ուժերը «Տիտան» բատիսկաֆի սուզվելուց անմիջապես հետո գրանցել են դրա պայթյունը. WSJ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հույժ գաղտնի ռազմական ակուստիկ համակարգը, որը նախատեսված է սուզանավերը հայտնաբերելու համար, մի քանի օր առաջ ձայնագրել է «Տիտան» ստորջրյա սարքի պայթյունի ձայնը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն բարձրաստիճան պաշտոնյային:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում դեպի «Տիտանիկ» նավի բեկորների վայր բատիսկաֆի սուզման մեկնարկից մի քանի ժամ անց։

Զինվորականների օգտագործած հիդրոակուստիկ համակարգի անվանումը չի նշվում՝ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։ Դրա աշխատանքի մեկնարկից անմիջապես հետո պայթյունի ձայն է գրանցվել այն վայրի մոտ, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել են սուզանավի բեկորները, գրում է WSJ-ը։

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վերլուծել են ստացված ակուստիկ տվյալները և «հայտնաբերել են պայթյունի նման անոմալիա» այն վայրի մոտ, որտեղ գտնվում էր «Տիտան»-ը, երբ այն կորցրել է  կապը ջրի մակերևույթին գտնվող օպերատոր նավի հետ։ Թերթի զրուցակցի խոսքով՝ այն ժամանակ զինվորականները չեն կարողացել հստակ ասել, թե ինչից է առաջացել այս ձայնը։ Ստացված տվյալները փոխանցվել են որոնողափրկարարական աշխատանքների ղեկավարին։

Բատիսկաֆի անհետացման մասին հայտնի է դարձել հունիսի 19-ին։ Բատիսկաֆ արտադրողը նախատեսել էր սուզանավի շահագործումը արտակարգ ռեժիմով առավելագույնը 96 ժամ։

Դրանում են եղել բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ջրագնաց Փոլ-Անրի Նարգոլեն և ծագումով պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա որդին՝ Սուլեյմանը: Երեկ՝ հունիսի 22-ին, փրկարարները հայտնաբերել են բատիսկաֆի բեկորները։ Ամբողջ անձնակազմը մահացած է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր