211652_close_icon
views-count2569 դիտում article-date 18:11 24-06-2023

Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 20-ին «հանցագործության մասին հաղորդումով» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը (լուսանկարում): Այս անգամ նրա հաղորդումը Երեւան քաղաքի դատավոր Ռ. Սմբատյանի գործողությունների վերաբերյալ է: Սա առաջին դեպքը չէ, երբ իրեն տուժող համարող գործարարը դիմում է գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին:

Դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված նրա նախորդ դիմումին պատասխանել էր ՀՀ դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դ. Աղաջանյանը. «Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել, դրանք առավելապես նույնաբովանդակ են Ձեր կողմից նախկինում ներկայացված դիմումներին, որոնց վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձի կողմից Ձեզ տրվել են լիարժեք պատասխաններ:

Բացի այդ, դիմումով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական եւ չի բովանդակում ստուգման ենթակա տվյալ»:

Վարդան Խառատյանը, ով մտադրվել էր փայտամշակման արտադրամաս հիմնել, ներդրումներ կատարել, ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ, որոնք իրավապահ մարմինների կողմից անտեսվում են: Վարդան Խառատյանը «Առավոտին» հայտնել էր, որ դիմել է իրավապահ, արդարադատության մարմիններին, ԱԱԾ պետին, Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն՝ իր դեմ կատարված մահափորձերի, իրենից գումարներ հափշտակելու, քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ («Առավոտ», 2023թ. մայիսի 13, «Մահափորձի գործով պատասխանել էին. «Հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել»):

2022թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քննիչը հիմնավորված համարելով, որ «բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Մեսրոպ Սիմոնյանի կողմից հանցանքներ կատարելու վերաբերյալ», որոշում էր կայացրել Մ. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Քրեական գործ էր հարուցվել Մ. Սիմոնյանի նկատմամբ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների՝ 137-ի 1-ին մասի, 177-ի 1-ին մասի, 178-ի 3-րդ մասի հատկանիշներով, որի որոշումը՝ հետապնդումը դադարեցնելու մասով, մինչ օրս վիճարկվում է, եւ ինչպես տեղեկացրել էինք, Վ. Խառատյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 29-ին: Մ. Սիմոնյանը, ըստ գործարարի, ԱԱԾ աշխատակից է, եւ ըստ էության, ինքը թիրախավորվել էր նրա կողմից:

Քրեական մեկ այլ գործ էլ՝ «անջատված մասով», Սիմոնյանի վերաբերյալ առկա է Երեւան քաղաքի դատարանում՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում (դատավորն է Վարդան Մելիքյանը-Ռ.Մ.): Ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, այդ գործը դատարանում է 2022թ. փետրվարի 22-ից:

14890220 քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ մասի համաձայն. «Մեսրոպ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»: Այդ գործով նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ըստ նույն «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, դատարանում նրա նկատմամբ այս տարվա փետրվարի քսաներեքին որոշում է ընդունվել հետախուզում հայտարարելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Մեղադրողն է միջնորդություն ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք դրական արդյունք չեն տվել:

Դատարանը փաստում է, որ նա թաքնվում է դատից եւ նրան հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը: Մարտի տասներեքին վարույթը վերսկսվել է, Սիմոնյանը ներկայացել է դատարան, պարտավորվել առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ դատարան…

Վ. Խառատյանը դիմել է տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտին», հայտնելով, որ իր դեմ մահափորձի հեղինակը իր ծանոթն է՝ Մ. Սիմոնյանը, որն իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 57 000 ԱՄՆ դոլար, իսկ անցյալ տարվա մարտի 2-ին վերադաս դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Գումարը վերադարձնելու մասով չկա առանձին վարույթ, չկա քրեական գործ, որով պարտավորեցնեն Սիմոնյանին հատուցել Խառատյանին հասցված վնասները: Բացի գումարից, գլխավոր դատախազին ուղղված նամակում, իրավապահներին ուղղված հաղորդման մեջ, Խառատյանը նշում է, որ բնակվելով իր տանը (նա Մոսկվայում էր, այլ տեղում վարձով չբնակվելու խնդրանքով դիմել էր Խատառյանին նրա տանը մնալու խնդրանքով-Ռ.Մ.), Սիմոնյանը գողացել է «Սամսունգ D-840» մոդելի հեռախոս, այդ մասին տեղյակ է քննիչը, իսկ «Բիլայն» ընկերությունից Խառատյանը հարցում էր կատարել, պահանջել «գողացված հեռախոսի վերջին օգտագործված հասցեն»:

Խառատյանի ձեռքի տակ կան եւ նա ցույց է ռալիս մեզ Սիմոնյանի ձեռքով գրված պարտքացուցակը, այն դեպքում, երբ իրավապահ մարմինները «պնդում» են, թե նա մարել է պարտքերը Խառատյանի նկատմամբ: Մ. Սիմոնյանը իր ցուցմունքում գրում է, որ 2018-ին վերադարձրել է իր պարտքերը: Ինչ տրամաբանությամբ է լինում, երբ նույն Սիմոնյանը 2020-ի հունիսին իր ձեռքով գրում է, որ ունի պարտքեր եւ կվերադարձնի:

Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր