211652_close_icon
views-count9478 դիտում article-date 09:03 28-06-2023

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ․ հայկական կողմն ունի 4 զոհ․ ՊԲ

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայկական կողմն ունի 4 զոհ: 

Ավելի ուշ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել լրացուցիչ հաղորդագրությամբ՝ հաղորդելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք է ստեղծել հերթական սադրանքի համար:

ՊԲ-ի հաղորդմամբ՝ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր