211652_close_icon
views-count1189 դիտում article-date 23:52 05-07-2023

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել

Հուլիսի 5-ին Կիպրոսի Հանրապետությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։

Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։

Նմանատիպ նյութեր