211652_close_icon
views-count1318 դիտում article-date 09:19 06-07-2023

Տիխանովսկայան անանուն հաղորդագրություն է ստացել, որ ամուսինը բանտում մահացել է. «Ամերիկայի ձայն»

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, թե անանուն հաղորդագրություն է ստացել, ըստ որի բանտում գտնվող իր ամուսինը, ով նույնպես ընդդիմադիր գործիչ է, մահացել է ճաղերի հետևում: Գրում է «Ամերիկայի ձայնը»։

Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել էր 2020 թվականին, երբ հայտարարեց, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունն այդ տարի կայանալիք Բելառուսի նախագահական ընտրություններին` փաստորեն, մրցելու բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ամուսնու ձերբակալությունից հետո, առաջադրվեց կինը։ Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնեց նախագահի լիազորությունները։ Ընդդիմության համոզմամբ, ընտրությունները կեղծվել են:

Հաջորդած աննախադեպ բողոքի ցույցերի ֆոնին` Տիխանովսկայան լքեց երկիրը։ Նրա ամուսինը հետագայում դատապարտվեց տասնիննուկես տարվա ազատազրկման։ Ըստ Տիխանովսկայայի, մարտի սկզբից որևէ լուր չունի ամուսնուց։

«Նրա մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի նամակ չեմ ստացել, և նրա փաստաբանի միջոցով որևէ շփում չի եղել»,- «Associated Press»-ին ասել է Տիխանովսկայան` հավելելով, որ անանուն աղբյուրից ստացած տեղեկության հետ կապված որևէ ապացույց չունի:

Բելառուսի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։

Տիխանովսկին Բելառուսում միակ բանտարկված ընդդիմադիր գործիչը չէ, որի ճակատագիրն անհայտ է:

Արդեն 67 օր է, ինչ որևէ լուր չկա նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկայից, ով նույնպես մտադիր էր առաջադրվել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Նրա կողմնակիցների համաձայն, Բաբարիկային ծեծել են և տեղափոխել բանտային հիվանդանոց: Ընդդիմադիր գործիչը պետք է մայիսի 22-ին ներկայանար դատարան և ցուցմունք տար իր որդու գործով, սակայն բաց է թողել նիստը:

Ավելի քան հինգ ամիս է, ինչ որևէ լուր չկա Բաբարիկայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Կոլեսնիկովայի մասին, ով նույնպես ձերբակալվել է 2020 թվականին և դատապարտվել 11 տարվա ազատազրկման։ Ըստ Amnesty International-ի, փետրվարի կեսերից Կոլեսնիկովային թույլ չեն տալիս հեռախոսազանգեր կատարել, նամակներ գրել կամ տեսակցել իր ընտանիքին կամ փաստաբաններին։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Նիկոլայ Ստատկևիչը, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, և 145 օր է, ինչ նրանից լուր չկա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր