211652_close_icon
views-count724 դիտում article-date 19:35 17-07-2023

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի՝ Լաչինի որոշումների կատարմանը Ադրբեջանի կողմից

Ադրբեջանը շարունակում է խախտել կոնվենցիոն պարտավորություները՝ չկատարելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում նշել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի կողմից  որոշման չկատարումը կոնվենցիոն պարտավորությունների խախտում է և խաթարում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,-հայտնել է Մարուքյանը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն էլ հորդորել է միջազգային հանրությանը հետևել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումներին` Լաչինի միջանցքի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը։ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։

Այս տարվա փետրվարի 22-ին հայտնի դարձավ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ըստ որոշման` Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։

Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ։ Ավելին` ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

 

Նմանատիպ նյութեր