211652_close_icon
views-count853 դիտում article-date 09:45 21-07-2023

Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը ԼՂ-ի բնակչության համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ հավատարմատար

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Քեթրին Բրուքերը արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հուլիսի 20-ին Վիեննայում Միրզոյանը հանդես եկավ ելույթով՝ Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին, որը նվիրված էր Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

Իր խոսքում Քեթրին Բրուքերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բարձր մակարդակի հանդիպումները, ներառյալ՝ ամենավերջին եռակողմ հանդիպումը Բրյուսելում հուլիսի 15-ին և հունիսի 27-29-ը [ընկած ժամանակահատվածում] Վաշինգտոնում` արտգործնախարարների միջև»:

Մեջբերելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության, ամերիկացի դիվանագետը ընդգծել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա, առաջ շարժվելու միակ ճանապարհն են։ Ողջունում ենք ձեր ակտիվ աջակցությունն՝ [հասնելու] այս նպատակին: Շարունակում ենք հավատալ, որ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու, հարաբերությունները կարգավորելու, սահմանները սահմանագծելու և սահմանազատելու, տրանսպորտային ու հաղորդակցության ուղիները վերաբացելու, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունն ապահովելու ջանքերը բխում են բոլոր շահագրգիռ կողմերի շահերից»:

Ըստ ամերիկացի դիվանագետի, «Միացյալ Նահանգները տեսնում է տեղում առկա լարվածությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական փակումը՝ բացառությամբ սահմանափակ բնույթի հումանիտար որոշ երթևեկության, ինչը սպառնում է վատթարացնել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Սահմանային միջադեպերը սպառնում են նաև այն նպատակին, որին հասնելու համար քրտնաջան աշխատանք եք ծավալել: Կրկին կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»:

Քեթրին Բրուքերը նկատել է, որ անվտանգության վերաբերյալ ԵԱՀԿ համապարփակ մոտեցումը, որը խարսխված է բոլոր կողմերի սկզբունքների և պարտավորությունների վրա, կարող է նպաստել Հայաստանում ու Ադրբեջանում բարգավաճման և անվտանգության ամրապնդմանը՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի և դրան հաջորդած հետագա գործընթացների մասը կազմելով։

«Բարձր ենք գնահատում ձեր օգնությունը [ԵԱՀԿ] բյուջեի շուրջ փոխհամաձայնության հասնելու հարցում, որը թույլ կտա ԵԱՀԿ-ին շարունակել իր գործիքակազմի կիրառումը և նախագծերի իրականացումը՝ ի շահ մասնակից պետությունների: Պարոն նախարար, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկկողմ, բազմակողմ և գործընկերների [ձևաչափերի] միջոցով՝ տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

Նմանատիպ նյութեր