211652_close_icon
views-count106093 դիտում article-date 21:15 17-08-2023

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս վիրավորին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում տարիքով մի տղամարդ հայտնում էր, որ վարորդն ինքն է եղել, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ վարորդը նա չէ, այլ մեկ այլ երիտասարդ, ով հայտնում էր, որ ինքը եղել է ավտոմեքենայի մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը Այգավան գյուղի բնակիչ 34-ամյա Հարություն Պետրոսյանն է, իսկ վիրավորը նրա հարազատ եղբայրը՝ 35-ամյա Կարեն Պետրոսյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր