211652_close_icon
views-count75857 դիտում article-date 22:44 07-09-2023

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 32 երթուղու ավտոբուսը «14-ի կռուգում» բախվել է BMW X5-ի, Mercedes-ի, 2 Ford Transit-ի, կոտրել կանգառը, երկաթե ճաղավանդակներն ու մեծ թվով գազի հաշվիչներ. ժամանել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կռուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի երկաթե ճաղավանդակների և բնակիչների համար փողոցում տեղադրված գազի հաշվիչ ցուցիչներին՝ կոտրելով այն ևս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է ուժեղ գազի արտահոսք, քանի որ գազախողովակը կոտրվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ թաղապետարանի համապատասխան բաժինների պետերի հետ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի ծառայողները, ովքեր դադարեցրեցին գազի արտահոսքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայություն Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են անցել նույն վաշտի պարեկներ Վաղարշակ Սարգսյանն ու Ռոբերտ Եղիազարյանը, ովքեր մեծ դժվարությամբ են հետաքրքրասեր բնակիչներին հեռացնում դեպքի վայրից:

Վթարի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն ու «Ավտոբուս» ՓԲԸ  Ավտոշարասյան պետ Հայկ Մուրադյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ավտոբուսի մեջ չի եղել: Ըստ նրա գործընկերների՝ ավտոբուսը կանգնեցրել է և իջել է, որպեսզի իր բնական կարիքները հոգա և այդ պահին ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել դեղին Ford-ին, ապա սպիտակ Ford-ին ու եթե բախումը դեղինին չլիներ, հնարավոր է ավելի խոշոր և ծանր հետևանքներ ունենար վթարը:

Այս պահին գազամատակարարումը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծեն, բնակիչներն էլ դիմում էին վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանին՝ խնդրելով, որպեսզի միջոցներ ձեռնարկեն գազի հաշվիչները նշված վայրից ավելի անվտանգ վայր տեղափոխելու համար, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նշված հատվածում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր