211652_close_icon
views-count217341 դիտում article-date 21:06 27-09-2023

Երևանում՝ «Mercedes» ավտոսրահի մոտ, քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել փրկարարը, բժիշկն ու պարեկը, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր են ժամանել «կրիայի քայլվացքով», քանի որ պետը «հոպար ունի, աշխարհը չունի»

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գործող «Mercedes» ավտոսրահի տարածքում քաղաքացի է հոսանքահարվել:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մոտ 30 տարեկան տղամարդուն, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Այրվացքաբանության ազգային կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտում է, եթե փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները օպերատիվ են գործել, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկ ու կես ժամ է պահանջվել, որ հերթապահ խումբը բարեհաճի դեպքի վայր այն դեպքում, երբ ոստիկանության բաժինը դեպքի վայրից գտնվում է մոտ 1 կմ հեռավորության վրա, իսկ եթե բաժնի ղեկավարությունը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանն ու նրա ենթակաները «կրիայի հոգեբանությամբ» չառաջնորդվեին, 10 րոպեն բավական էր, որ անգամ ոտքով հասնեին դեպքի վայր:

Բաժնի պետը միգուցե վստահ է, որ ինքը անձեռնամխելի է, ինչպես կուզի, կղեկավարի բաժինը, քանի որ սիրում է մարդկանց մոտ լսեցնել, որ Հայաստանի առաջին դեմքերից մեկը իր հորեղբայրն է:

Այստեղ են ասում «աշխարհ կանգնի իջնող կա» կամ «վույ ամա՜ն, վույ ամա՜ն, վույ ամա՜ն, թագավոր լինելուց լավ բա՜ն»: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվելու է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ում, երբ Երևանի բնակիչ 24-ամյա Արարատ Բ․-ն, ով «Hik Visison»-ի աշխատակից է, անվտանգության համակարգի տեղադրման ժամանակ է հոսանքահարվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր