211652_close_icon
views-count68126 դիտում article-date 15:13 10-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. 33-ամյա վարորդը Jeep Wrangler-ով Աշտարակի խճուղուց Դավիթաշեն ընթանալիս վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը. կան վիրավորներ. վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Լալայանը իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն, ապա բախվել երկաթե ճաղավանդակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Jeep Wrangler-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մեսրոպյանն ու Դավիթ Հակոբյանը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Գ, Շամշյանի տեղեկություններով վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր