211652_close_icon
views-count853 դիտում article-date 18:07 24-11-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հանձին նրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ իրենց համար պատմության կարևորագույն իրադարձության՝ գալիք Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերությունը և հաստատակամ է խորացնել այն մի շարք ոլորտներում: «Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է»,- ասել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Թույլ տվեք փոխանցել Միացյալ էմիրությունների նախագահ՝ Նորին Մեծություն Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները: Կասկած չկա, որ երկու երկրների միջև կա փոխադարձ հետաքրքրություն՝ զարգացնելու հարաբերությունները, ինչի մասին են վկայում վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների ակտիվացումը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական համագործակցության բազմակողմ օրակարգի վերաբերյալ հարցեր:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ, որոնք ընդլայնման և խորացման մեծ ներուժ ունեն:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և տնտեսական այլ որոտներում փոխգործակցության հետագա խթանման կարևորությանը: Բարձր են գնահատվել երկրների միջև տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, որոնք հավելյալ թափ են հաղորդում քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակների համագործակցության սերտացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու շուրջ: Այս համատեքստում շեշտվել է, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը կարևոր քայլ կլինի հայ-էմիրաթական հարաբերությունների ընդգրկուն օրակարգային հարցերին փոխշահավետ լուծումներ և նոր ուղղություններ գտնելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, ինչն էապես կնպաստի ամբողջ ռեգիոնի տնտեսական զարգացմանը:

Նմանատիպ նյութեր