211652_close_icon
views-count25155 դիտում article-date 10:35 07-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանի կիրճում. հսկայական քարերն ու կեղտաջրերը ճանապարհը դարձրել են անանցանելի. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. թաղապետարանի համար «հեքիաթը կանչել էր». քուն էին մտել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի անանցանելի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1  մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ քարային զանգվածը պոկվել, թափվել ու լցվել է ճանապարհի ողջ հատվածով՝ այն դարձնելով անանցանելի:

Վնասվել է նաև կոյուղագիծը, որից տեղի է ունեցել կեղտաջրերի արտահոսք:

Փրկարարները՝ Ա. Վելյանի գլխավորությամբ, նշված հատվածում գործող ռեստորանային համալիրներից մեկից անվտանգ դուրս են բերել մի քանի քաղաքացիների, ովքեր փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել են անվտանգ վայր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ առաքելյանի գլխավորությամբ:

Պարեկներն ու հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերմանը:

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները իրականացրել են հերթապահություն՝ մոտ 2 ժամից ավելի, մինչև որ մի քանի հեռախոսազանգերից հետո նոր միայն Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները բարեհաճել են դեպքի վայր, ինչից հետո սկսվել են աշխատանքներ՝ ճանապարհից քարերն ու կեղտաջրերը հեռացնելու ուղղությամբ:

Երթևեկությունը նշված հատվածում բացվել է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր