211652_close_icon
views-count39402 դիտում article-date 13:40 07-12-2023

Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նրան հայտնաբերել են իր աշխատասենյակում

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում էջմիածին բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանային համալիր, որի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշաապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկնաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ  37-ամյա Վ. Հ.-ն է, ով էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում՝ իր աշխատասենյակում, կյանքին վերջ տալու նպատակով իրեն պատկանող «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրացանից կրակել է իր կրծքավանդակի ուղղությամբ, ինչի պատճառով ստացել է վնասվածք, և տեղափոխվել հիվանդանոց:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հրացանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր