211652_close_icon
views-count57636 դիտում article-date 11:33 17-12-2023

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ սառած ճանապարհի պատճառով «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ․ մեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, սառած ճանապարհի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում՝ «Գուրման» հացատան հարևանությամբ, բախվել են BMW և Toyota Camry  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ 

Շտապօգնության բժիշկները 1 հոգու էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Բախման հետևաքնով 2 ավտոմեքենաների առջևի 1-ական անվահեծանները կոտրվել են։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար էլ ժամանել են մեծ թվով պարեկներ և այս պահին ավագ պարեկ Նարեկ Հովսեփյանը և պարեկ Ջուլիետա Առուշանյանը սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած շաղը ու եթե ճանապարհը սապասարկող ճանշինը ցուցաբերեր սրտացավ մոտեցում, ինչպես մի քանի օր է՝ հսկայական աշխատանքներ է կատարում Սիսիանի ճանշինը, որոնց շնորհիվ Սիսիանի տարածքում ոչ մի խցանված ճանապարհ չկա և տեղի չեն ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ապա «Չայնիի» հատվածը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր