211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:22 20-12-2023

Բա եթե քո բանակցած նոյեմբերի 9-ի հայտարարությունը ջրվել է ուրիշների մեղքով, ի՞նչ երաշխիք ես տալիս հայ ժողովրդին, որ մի օր էլ չի ջրվելու Ադրբեջանի հետ բանակցվող «խաղաղության խաչմերուկ» պայմանագիրը. Արտակ Զաքարյան. Aravot.am

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:

Ամենասարսափելին այն է, որ նա չի գիտակցում իր քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց երկարատև, ողբերգական ազդեցությունը հայ ժողովրդի և Հայաստան պետության ճակատագրի վրա: Թե ինչպես են նախորդ նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը կարողացել ազատագրել, ձևավորել, զարգացրել ու հմտորեն առաջ տարել Արցախի Հանրապետության փաստացի կայացման, անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ամրագրման հարցերը՝ թողնենք մի կողմ: Այդ մասին շատ է խոսվել և բոլոր նորմալ, գիտակից մարդիկ դա լավ հասկանում են:

Նիկոլի երեկվա հարցազրույցից հետո, ես ավելի ու ավելի շատ եմ վախենում Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Այդ մարդը զրո պատկերացումներ ունի հայոց պետականության գոյաբանական էության և աշխարհաքաղաքական արդի զարգացումների բովանդակության մասին:

1.Ասում է՝ «մեզ պետք է մեղադրեն, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցի հայանպաստ լուծման անհնարինության մասին»: Եթե դուք լինեիք հայանպաստ իշխանություն, ամեն ինչ անեիք ճիշտ այնպես, ինչպես բանակցային տրամաբանությունն էր և չլինեիք դավադիր քաղաքականության կրողներ՝ հայանպաստ լուծումներն արդեն կարող էին իրականություն դարձած լիներ: 2018թ.-ից սկսած, ամեն օր զգուշացնում էինք ձեր կոպիտ ու աններելի սխալների մասին: Իսկ եթե չէիք կարողանում, կամ ձեզ իշխանության բերողներն այլ բան էին պարտադրում՝ բարի լինեիք ժամանակին խոսել ժողովրդի հետ և հրաժարական տալով փրկեիք Հայաստանն ու Արցախը՝ վերահաս ողբերգություններից: Մի՞թե աթոռն ու պարգևավճարներն ավելի կարևոր էին, քան պետության շահերը:

2.Ասում է՝ «Բանակցային պրոցեսը քանդելու և նորը կառուցելու արանքում առաջանալու էր վակում և անկանխատեսելի պրոցեսներ»: Իսկ ո՞ւմ համար չէր պարզ, որ այդպես է: ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, մինչ 2018թ.բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Դա իմանալով հանդերձ, ինչո՞ւ միտումնավոր գնացիր պատերազմի ճանապարհով.որպեսզի քեզ չասե՞ն դավաճան: Իսկ համոզված չե՞ս, որ միևնույն է ասելու են, և հիմա առավել ևս՝ պատմության մեջ մնալու ես այդպիսին:

3.Ասում է՝ «2018թ. մեր ժառանգած բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ ինստիտուտների լուծարման գործընթացը սկսված էր»: Սա նոր սուտ է: Բա եթե այդպես էր, ինչո՞ւ էր Արցախի Հանրապետությունը 2017թ.փետրվարի 20-ին հանրաքվեով սահմանադրական բարեփոխումներ անում, կամ ինչպե՞ս էր 2020թ.մարտի 31-ին համապետական ընտրություններով Արցախի նախագահ և ԱԺ ընտրվում: Մի՞թե ՀՀ վարչապետին կարելի է այդ աստիճան կեղծել, խեղաթյուրել և հակահայկական հայտարարություններ անել հանրային եթերից:

4.Ասում է՝ «ՀՀ ռեսուրսների առյուծի բաժինը դրվել է ԼՂ վրա»: Այո, մասամբ այդպես է և դա ճիշտ էր: ԼՂ հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, անվտանգության, պետականության կայացման անկյունաքարային հարցերից մեկն է եղել: ԼՂ հարցով է Հայաստանը կարողացել սեփական անվտանգային և ռազմապաշտպանական միջավայրը կառուցել, արտաքին քաղաքական կշիռ և դերակատարություն ստանձնել, պետականության կայացման համար գաղափարական հիմքեր ստեղծել, էլ չեմ ասում տնտեսական ահռելի օգուտների մասին: Բա քո կարծիքով ՆԱՏՕ-ն կամ ՌԴ-ն, կամ Իսրայելը հիմա ինչի՞ շուրջ են կռիվներ մղում: Մի՞թե կարելի է քաղաքականությունից հեռու ժողովրդի մի հատվածի ձայները կրկին գողանալու համար թշնամանք տարածել և փորձել բարոյազրկել ԼՂ հարցը: Բա հիմա, քո ասելով՝ ԼՂ հարց չունես, ինչո՞ւ չես կարողանում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» բանակցես: Ինչո՞ւ են Արևմուտքն ու Ռուսաստանը քեզ քաշքշում այս ու այն կողմ: Որովհետև կորցնելով Արցախը, դո՛ւ և Հայաստանը կորցրել եք բավարար սուվերենությունը, դեմքը, քաղաքական արժեքը: Մի քանի ամսով անվտանգություն մուրալու և իշխանություն պահելու դիմաց ստիպված ես ծնկաչոք չոչ անել աշխարհի քաղաքական կուլիսներում:

5.Մոտավորապես ասում է՝ «նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերը չեն կատարել իրենց պարտականությունները՝ մասնավորապես 1-ից 8-րդ կետերը»: Այո՛, համաձայն եմ, հետո՞… Դու ջանասիրաբար քննադատում ես նախորդ իշխանությունների օրոք եղած գրեթե բոլոր բանակցային փաթեթները, դրանցում տեղ գտած աշխատանքային փաստաթղթերի նախագծերը: Բայց ինչո՞ւ ես մոռանում, որ նոյեմբերի 9-ի խայտառակ, ստորացուցիչ հայտարարությունը քո միակ «ձեռքբերումն էր», և դրա տակ դրված է քո ստորագրությունը: Բա եթե քո բանակցած նոյեմբերի 9-ի հայտարարությունը ջրվել է ուրիշների մեղքով, ի՞նչ երաշխիք ես տալիս հայ ժողովրդին, որ մի օր էլ չի ջրվելու Ադրբեջանի հետ բանակցվող «խաղաղության խաչմերուկ» պայմանագիրը և թուրքական տանկերը չեն հայտնվելու ՀՀ բնակավայրերի մուտքերի մոտ:

6.Ասում է՝ «ՀՀ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԼՂ-ն չհայաթափվի»: Այստեղ պետք է Սերժ Սարգսյանի հայտնի հարցով արձագանքեմ. «յա, իրո՞ք…»: Ասելիքը շատ է, բայց երևի այսքանն էլ բավարար է, մեր տխուր և դժգույն իրականության համար: Դուք ավելի լավ է այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, դա ձերը չէ: Դուք տոնածառ զարդարեք, խաղալիքներ ու լույսեր կախեք քաղաքների ծառերից, հրավառություններ ու սելֆիներ արեք, ասֆալտ փռեք, երթևեկությունը կարգավորեք, երկար ավտոբուսները գտեք-բերեք, չոր ու թաց նավահանգիստներ «կառուցեք» և այլն: Բայց այլևս ոչ մի լուրջ գործով մի՛ զբաղվեք, մինչև որ հայ ժողովուրդը դուրս կգա իրեն հասցված անմարդկային ծանր շոկից ու ապատիայից: 

Նմանատիպ նյութեր