211652_close_icon
views-count26517 դիտում article-date 10:05 25-12-2023

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու ՎԱԶ 2107-ը, կան վիրավորներ, նրանց առաջինը օգնության են հասել պարեկներն ու Ապարանի շտապօգնության բժիշկները. պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մարագա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Լյովա Սուքիասյանի վարած Opel մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Սահակյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 63-ամյա Սաթո Բաղդասարյանն ու 19-ամյա Նարեկ Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվ է գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել: 

Օպերատիվորեն, սակայն մեծ դժվարությամբ դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Տեղում տարածքը սահմանազատել և բքի պայմաններում հետաքրքրասեր վարորդներին են դեպքի վայրից հեռացրել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մացակյանն ու Տիգրան Ղազարյանը: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհին տեղացած առատ ձյունն ու ճանապարհի մերկասառույցն է եղել, իսկ ճանապարհը սպասարկող ճանշինը գուցե մտածել է, որ ինքն այդտեղ անելիք չունի, ու եթե ճանապարհից հեռացնեին ձյունն ու մաքրեին սառույցը, վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ վթարից առաջ ու վթարից հետո էլ՝ 3 ժամ անց, ճանշինը չկար ու չկար, իսկ վարորդները «քաղցր խոսքեր» էին շռայլում ճանապարհը սպասարկող ճանշինականներին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր