211652_close_icon
views-count43802 դիտում article-date 23:33 30-12-2023

Տավուշի մարզի ոստիկանները բացահայտել են աղմկահարույց բնակարանային գողության դեպք․ «նավոտչիկ»-ին ու կատարողներից 2-ին հայտնաբերել են․ 1-ը որոնվում է

Դեկտեմբերի 8-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Տավուշի մարզում, որը տաք հետքերով բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ։

Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Պտղավան բնակավայրի 4-րդ փողոցի բնակիչ  Յուրիկ Հարությունյանին պատկանող բնակարանի նախամուտքի եվրոպատուհանը ջարդել է, մտել ներս, տունը տակն ու վրա է արել, ապա այնտեղից հափշտակել ՀՀ դրամ ու ԱՄՆ դոլար, ինչպես նաև «Սայգա» տեսակի ակոսափող որսորդական հրացանը։

Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետը։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նույն օրը Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ Քր օր․-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները իրականացնում են հասկայածավալ աշխատանքներ, ապա շնորհիվ ստացված օպերատիվ տեղեկությունների պարզում են, որ գողությունը Այրում բնակավայրի բնակիչ Արթուր Մ․-ի օժանդակությամբ կատարել են Տավուշի մարզի բնակիչներ 38-ամյա Արթուր Մ․-ն և 42-ամյա Ստեփան Ն․-ն։ Օպերատիվ տվյալներով այլ անձ ևս մասնակցություն է ունեցել գողությանը։

Ոստիկանները օրեր անց նշված գողությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով Տավուշի մարզում ձերբակալում և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխում Արթուր Մ․-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ այդ տեղեկություններով նա օժանդակել է նշված հանցագործությանը և քաջ իմանալով նախապատրաստվող գողության մասին դեպքից 2 օր առաջ ինքն է մատնացույց արել նշված բնակարանի տեղը, հանցագործությունը կատարած 3 անձանց և անգամ նրանց հուշել, ինչպես մոտենալ տանն ու կատարել գողությունը։

Արթուր Մ․-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին։

Մինչ քննիչը լսում էր Արթուր Մ․-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նշված հանցագործության վերաբերյալ հերթական օպերատիվ  տվյալներն են ստացվում, որ Ստեփան Ն․-ն փորձում է լքել ՀՀ սահմանը, սակայն ոստիկանների օպերատիվ և արագ գործողությունների արդյունքում նա չի կարողանում հատել ՀՀ սահմանը։ Նրան սահմանի հատման փորձի պահին ոստիկանները ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Նոյեմբերյանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական վարույթի շրջանակներում Նոյեմբերյանի քննչական բաժնում 38-ամյա Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ Քր․ օր․-ի 46-254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է բանակավայրից չբացակայելու արգելք, իսկ Ստեփան Մ․-ին մեղադրանք է առաջադրվում ՀՀ Քր․ օր․-ի 254 հոդվածի 3 մասի 2-րդ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ ընտրվում է վարչական հսկողություն և բնակավայրից բացակայելու արգելք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արթուր Մելիքբեկյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր օր-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր