211652_close_icon
views-count28826 դիտում article-date 13:04 31-12-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Վիլնյուսի փողոցին հարակից ձորում կրակի դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում Վիլնյուսի փողոցի մոտակայքում գտնվող ձորում հրդեհ է բռնկվել, և կա վտանգ, որ այն, հնարավոր է, տարածվի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, իսկ ձորի հակառակ կողմում՝ դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում, կրակի դեմ պայքարում են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա մի քանի քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները օպերատիվ չգործեին, կրակը տարածվելու էր ու ընդգրկելու էր բավականին մեծ հատված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այրվում է շինարարական աղբ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր