211652_close_icon
views-count1150 դիտում article-date 14:54 11-01-2024

Ոստիկանության համակարգում ընդհանուր առմամբ կօպտիմալացվի 629 հաստիք. ՆԳՆ հաշվետվությունը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման ուղղությամբ։ 2023-ին հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, նախարարության թվակազմը, որի արդյունքում ընդհանուր առմամբ կօպտիմալացվի 629 հաստիք՝ արդյունավետ կառավարում ունենալու և գործառույթների կրկնակիությունը բացառելու սկզբունքով։ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն իսկ բաց և թափանցիկ մրցութային ձևաչափով ձևավորվել և գործում է։

ՆԳՆ ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) տեղափոխվել են նախարարության տիրույթ։ Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել է քաղաքացիներին սպասարկող Արտաշատի հաշվառման-քննական բաժինը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լուծումներով և մոտեցումներով։

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։

Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ 2023-ին Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ողջ հանրապետության տարածքում։

Պարեկային ծառայությունն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝ գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա, որից 75-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։

Նմանատիպ նյութեր