211652_close_icon
views-count925 դիտում article-date 14:06 17-01-2024

«Օղակաձև» զբոսայգու հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. քաղաքապետի խոսնակը մանրամասներ է հայտնում

Հանրային այգիները, այդ թվում՝ «Օղակաձև» այգին պետք է ծառայի հանրությանը, քանի որ դրանք հանրային տարածք են։ Մարդիկ պետք է կարողանան հանգիստ զբոսնել և իրենց հանգիստը վայելել։
Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Թենիսի կորտերը, ինչպես նաև մնացած տնտեսվարողնեը, որոնք «Օղակաձև» այգում են, բոլորը բիզնես են իրականացնում։ Թենիսն, իհարկե, տարբերվում է, քանի որ սպորտ է և ունի պատմություն։ Դրանով պայմանավորված՝ քաղաքապետարանը հայտարարում է հետևյալը․ թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսին, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,- նշեց Կոստանյանը՝ շեշտելով, որ 4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է։

Լրագրողները քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեցին՝ ինչու քաղաքապետարանը չի խոսել «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ։

Խոսնակն արձագանքեց, որ տնտեսվարողների հետ դեռևս չհանդիպելու և չզրուցելու պատճառն այն է, որ դեռ վերջնական լուծում չկա։

«4-րդ հատվածը դեռ պետք է հանրային գերակա շահ ճանաչվի։ Այս պահին ծրագրի հետ կապված քննարկումներ է իրականացնում ընկերությունը, որից հետո կներկայացնի քաղաքապետարան»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, իսկ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, որ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, դռները բաց են։

««Green Rock Management» ընկերությունն իրավացի է, երբ ասում է, թե վերջնական բան չկա։ Անկախ նրանից, որ ծրագիրը պետք է ներկայացվի քաղաքապետարան, վերջնարդյունքում քաղաքապետարանը պետք է հավանություն տա՝ այգին այդպե՞ս վերակառուցվի և հիմնանորոգվի, թե՞ ոչ։ Եվ երբ դուք ասում եք՝ ինչո՞ւ չենք դիմել տարբեր տնտեսվարողների, պատճառն այն է, որ դեռ վերջնական լուծում չկա, երկրորդ՝ պետք է զբոսայգու հատվածը ճանաչվի հանրային գերակա շահ, ծրագիրը ընկերությունը ներկայացնի քաղաքապետարան, և երբ վերջնական հավանություն ստանա, կիրականացնենք հանրային լսումներ»,- ընդգծեց խոսնակը։

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

Օրեր առաջ՝ գործակարգավարական նիստում, Տիգրան Ավինյանը վերահաստատեց, որ «Օղակաձև» այգու կորտերը քանդվելու են, թենիսի ակումբն էլ կտեղափոխվի այլ հարմարավետ վայր

Նմանատիպ նյութեր