211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:42 17-01-2024

Հակամարտությունները պետք է լուծվեն՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում՝ աշխարհում կսկսվի քաոս. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ երկրների միջև հակամարտությունների պատճառով մարդիկ ամբողջ աշխարհում կորցնում են հավատն իրենց կառավարությունների նկատմամբ։

Նա կոչ է արել բարեփոխել միջազգային կառույցները և տարաձայնությունները լուծել՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունը։

«Աշխարհաքաղաքական տարաձայնությունները մեզ թույլ չեն տալիս համախմբվել գլոբալ որոշումներ կայացնելու համար։ Զարմանալի չէ, որ մարդիկ ամենուր կորցնում են հավատը կառավարությունների, հաստատությունների և ֆինանսական և տնտեսական համակարգերի նկատմամբ», - ասել է Գուտերեշը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ աշխարհը կկարողանա վերականգնել բազմաբևեռ միջազգային կարգը, որում տեղ կունենան հավասարակշռություն և արդարություն միջազգային հարաբերություններում։

Միջազգային կառույցները, նրա խոսքով, բարեփոխման կարիք ունեն։ Դրանք ստեղծվել են 80 տարի առաջ, և «մեր պապերի համար նախատեսված համակարգերով մեր թոռների համար ապագա կառուցելն» անհնար է։

Նա հավելել է, որ ուժեղ բազմաբևեռ աշխարհը կարող է կառուցվել միայն ուժեղ ինստիտուտների և մեխանիզմների հիման վրա։

Անտոնիո Գուտերեշն իր ուղերձում նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հակամարտությունները, ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, պետք է լուծվեն՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, «աշխարհում կսկսվի քաոս»։

Նմանատիպ նյութեր