211652_close_icon
views-count871 դիտում article-date 18:41 18-01-2024

Իրաքի վարչապետը պահանջել է անհապաղ սկսել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերի դուրսբերումը երկրից

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մուհամեդ աս Սուդանին ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Մենք ցանկանում ենք անհապաղ սկսել Իրաքում կոալիցիայի ուժերի դուրսբերման գործընթացը, քանի որ դա անհրաժեշտ է մեր երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու համար», -  ընդգծել է Իրաքի վարչապետը։

Նա նշել է, որ միջազգային դաշինքի ուժերն զգալի ներդրում են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հաղթանակ տանելու գործում, և Իրաքում «գնահատում են դաշնակիցների օգնությունը»։ Սակայն ներկայում, նշել է աս Սուդանին, «ԻՊ-ն այլևս սպառնալիք չի ներկայացնում Իրաքի համար», հետևաբար երկրում կոալիցիայի զինված ուժերի գտնվելու արդարացումներ չկան։

Վարչապետը նշել է, որ ևս մեկ գործոն, որն Իրաքի իշխանություններին ստիպել է արագացնել միջազգային դաշինքի զորքերը դուրս բերելու գործընթացը, Իրաքի անվտանգության ուժերի շտաբների վրա գրոհներն են։

«Իրաքի ռազմական ենթակառուցվածքի վրա հարվածների ֆոնին մենք պետք է երկխոսություն սկսենք Իրաքում կոալիցիայի ուժերի առաքելությունը դադարեցնելու շուրջ», - ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր