211652_close_icon
views-count832 դիտում article-date 16:38 30-01-2024

«Հույս ունեմ՝ մենք ուշ, թե շուտ դա կանենք». Տիգրան Հակոբյանը՝ ռուսական ալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու մասին

Ռուսական հեռուստաալիքներին մենք լիցենզիա չենք տվել, իրենք գործում են միջկառավարական պայմանագրով, եւ այդ պայմանագրում որեւէ մեխանիզմ չկա այդ հեռուստաընկերության հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Մեր հանձնաժողովի վրա դրված է միայն մշտադիտարկման մեխանիզմը, ինչը եթե սրացումներ է լինում, հատուկ տեղեկանքը կազմում ենք եւ ուղարկում ԲՏԱ նախարարություն, որպեսզի նրանք ռուսական կողմի հետ այդ հարցը լուծեն:

Ես կարծում եմ, որ ԲՏԱ նախարարությունը լավ չէր կատարում իր պարտավորությունները, որոնք ամրագրված են այդ միջկառավարական համաձայնագրում: Ես մեծ հույսեր ունեմ եւ համոզմունք, որ ԲՏԱ նոր նախարարը, մենք արդեն զրուցել ենք, ավելի հետեւողականորեն կզբաղվի դրանով, որպեսզի որեւէ դեպքում ՀՀ ներքին գործերին խառնվելու, Հայաստանին պախարակելու տեղեկատվական հոսքերը այդ հեռուստաընկերություններում բացառվեն»,-ասաց նա:

Տիգրան հակոբյանը կրկնեց իր տեսակետը, որ որեւէ օտար հեռարձակող մեր հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի. «Ես հույս ունեմ, որ մենք ուշ, թե շուտ դա կանենք: Եթե չլինեին այդ օտար հեռարձակողները, 2-3 սլոթ մեզ մոտ ազատ կլիներ, եւ այս քաղաքական աղմուկը չէր լինի մեր որոշումների դեմ, որովհետեւ կլիներ 10 հավակնորդ եւ 10 սլոթ»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր