211652_close_icon
views-count598 դիտում article-date 18:50 07-02-2024

ՄԻՊ-ն ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչ, ծրագրերի գլխավոր մասնագետ Քրիստին Օլսոնին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր:

Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտը գտնվում է անձամբ իր ուշադրության ներքո, այցեր են իրականացվում զինվորական հաստատություններ, պարբերաբար հանդիպումներ են անցկացվում զինծառայողների հետ։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նմանատիպ նյութեր