211652_close_icon
views-count856 դիտում article-date 11:47 20-03-2024

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Նոուրուզի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։

Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը:

Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություն­ներում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության: 

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատու­թյուն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։        

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։

Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ բարեկամ իրանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր