211652_close_icon
views-count25124 դիտում article-date 15:04 27-03-2024

Արտակարգ գողություն՝ Երևանում․ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 մեղվափեթակներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 70-ամյա Շավարշ Խ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ից մինչև 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վարդաշեն 9-րդ փողոցի 70 հասցեում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 հատ մեղվափեթակ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական  հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Շահինյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Շավարշ Խ․-ն հայտնել է, որ ինքը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր