211652_close_icon
views-count823 դիտում article-date 14:06 03-04-2024

Չես կարող չվերադարձնել այդ գյուղերի տարածքները, իրավական գործընթաց է սկսվել. Արմեն Խաչատրյան

Սահմանագծման և սահմանազատման գործընթացը մեր եղած սահմանների վերահաստատումն է և վերաարձանագրումը, այդ սահմանները կան, որևէ նոր սահմաններ չեն կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շեշտելով, որ այն, ինչ ՀՀ-ի տարածքում է, ՀՀ-ինն է, ինչ այդ սահմաններից դուրս է, պետք է վերադարձվի Ադրբեջանին, ինչպես և Ադրբեջանը պետք է վերադարձնի ՀՀ-ի տարածքները։

Հարցին՝ կա՞ արդյոք որևէ համաձայնեցված քարտեզ Երևանի ու Բաքվի միջև, որով էլ առաջնորդվում են կողմերը, պատգամավորը պատասխանեց, որ Երևանը որևէ քարտեզ չի համաձայնեցնում Բաքվի հետ, քանի որ Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ու սահմաններ ունի։

«Որևէ մեկի հետ մենք դա չպետք է համաձայնեցնենք։ Այդ քարտեզով մենք մետր-մետր առաջ ենք գնացել։ Դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է», - հավելեց նա։

Հարցին, թե ինչ երաշխիքներ ունեն նման ռիսկային քայլի դիմելու համար, Արմեն Խաչատրյանը նշեց, որ գործընթացը ռիսկային չէ։

«Եթե ի լուր ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ գործընթաց է սկսվել, որ այն համաձայն պետական սահմանների է իրականացվելու և ինչ-որ տարածքից ենք սկսել, որտեղ խնդրահարույց կետ կա, նշանակում է՝ գործընթացն արդեն սկսված է», - նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ դա նշանակում է՝ գործընթացը պետք է ամեն գնով մինչև վերջ տարվի։

Դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքեց. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։

Պատգամավորի խոսքով՝ բոլոր հարցերը լուծվելու են, այդ թվում նաև ճանապարհների հարցը, որն ինժեներական լուծումների խնդիր է։

«Այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, այո, շատ հարմար է։ Բայց շահագրգռվածությունն այն է, որ գործընթաց է սկսվել և դու չես կարող չվերադարձնել», - հավելեց Արմեն Խաչատրյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր