211652_close_icon
views-count865 դիտում article-date 17:10 15-04-2024

Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, որն առանձնանում է նրանով, որ այս բարդ ժամանակներում մենք խորացնում ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում:

Ուզում եմ նշել, որ այս ժամանակաշրջանում, հատկապես՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում, Ղազախստանն արձանագրել է զգալի հաջողություններ տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և, իհարկե, մաղթում Ձեզ և ղազախ ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ»:

Ղազախստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, նշել է. 

«Մեծարգո պարոն նախագահ, հարգելի Վահագն Գառնիկի, որպես Ղազախստանի նախագահ առաջին անգամ եմ այցելում Հայաստան պաշտոնական այցով: Այդ պատճառով է, որ այս այցն ինձ համար շատ կարևոր է և ունի հատուկ նշանակություն:

Մենք բանակցություններ ենք ունեցել մեծարգո պարոն վարչապետի հետ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում:

Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հիմնական և կարևոր գործընկերներից մեկը: Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը:

Այսօրվա հանդիպումը համընկել է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակի հետ: Սա խորհրդանշական է: Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական: Այս պաշտոնական այցն անցավ ինչպես ծրագրված էր, և ես հույս ունեմ, որ այն կմնա երկու երկրների պատմության մեջ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է համատեղ տնտեսական, մշակութային, սպորտային և այլ նախաձեռնությունների անցկացումը՝ օրերս կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի և ընթացիկ տարում Ղազախստանում նախատեսված «Հայկական մշակութային օրերի» օրինակներով:

Երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, կարևորվել են բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններն ու մշակութային, տնտեսական, գործարար օղակների միջև շարունակական շփումները:

Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը, ինչը բխում է բոլոր գործընկեր պետությունների շահերից:

Հանդիպման ավարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան:

Նմանատիպ նյութեր