211652_close_icon
views-count51897 դիտում article-date 23:33 23-04-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Nissan»-ը Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր. վարորդը ընկերներին ասել է, որ իրեն հրաշքով փրկել է ամրագոտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի և «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Դեպքի վայր ժամանած վարորդի ընկերներ ու բարեկամները նշում էին, որ վարորդը հիվանդանոցում իրենց հայտնել է, որ ինքը հրաշքով է փրկվել որովհետև ամրակապված է եղել։ «Ամրագոտին եթե կապած չլիներ, հաստատ ավտոմեքենայից դուրս կշպրտվեի»,- ասել է վարորդը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր