211652_close_icon
views-count29010 դիտում article-date 16:16 05-04-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում. վարորդն ասում էր՝ «ինձ փրկեց ամրագոտին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում 36-ամյա Արգամ Դադայանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վվթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայր ժամանած վարորդի ընկերներն ասում էին, որ նա հիվանդանոցում իրենց ասել է.

«Եթե ամրագոտին կապած չլինեի, հաստատ մեքենայից դուրս էի շպրտվելու ու էդ ժամանակ չգիտեմ՝ ինչ կկատարվեր ինձ հետ: Վստահ եմ՝ ինձ փրկել է առաջին հերթին ամրագոտին, հետո սրտացավ քաղաքացիներն ու բժիշկները»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր