211652_close_icon
views-count1036 դիտում article-date 11:41 28-04-2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել․ «Ուրախ եմ, որ Հայաստանում ֆրանկոֆոնիան ավելի մեծ տարածում է գտնում, որը տեսանելի է նաև թվային ցուցիչներով։ Այս տարի ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում ներգրավվել են ավելի քան 320 կրթամշակութային կառույցներ՝ մոտ 800 միջոցառումներով։ Ֆրանսիայի դեսպանության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն կառույցի՝ Crefeco-ի աջակցությամբ դպրոցներում զարգանում է ֆրանսերենի ուսուցումը. հանրակրթական 250 հաստատության 62000 սովորողներ սովորում են ֆրանսերեն։ Հայաստանում գործող ֆրանկոֆոն բուհերի թիվը ևս աճելու միտում ունի»։

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախատեսվում է 2027 թվականին ֆրանկոֆոն խաղերն անցկացնել Հայաստանում, ինչն ընդգծում է մեր երկրի հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին։ Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այդ հանձնառությանը։

Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Քաղաքացու օրվա առիթով և նշել, որ օրվա շրջանակում հանրապետությունում լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվել, որոնք ընթացել են բանախոսությունների, մշակութային ծրագրերի, դպրոցականների շրջանում նախագծային աշխատանքների ձևաչափով։

Համերգն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընդլայնված կազմը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը։

Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ /Գերմանիա/, Մենակատար՝ Ժան-Պոլ Գասպարյան, դաշնամուր /Ֆրանսիա/, սոպրանո՝ Գալինա Ցոլակյան։

Ծրագրում հնչել են Ֆրանսիս Պուլենկ «Stabat Mater», «FP 148», Ֆրանսիս Պուլենկ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, «դո դիեզ մինոր», «FP 146» ստեղծագործությունները։

Նմանատիպ նյութեր