211652_close_icon
views-count868 դիտում article-date 20:47 17-05-2024

Կբարեփոխվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքով է հանդես եկել «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» կողմից կազմակերպված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը: Արմենուհի Հարությունյանը, կարևորելով ներկաների հետաքրքրվածությունը բարեփոխումների գործընթացին, նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, քանի որ գործող օրենսգիրքը՝ չնայած իր բազմաթիվ փոփոխություններին, չի համապատասխանում վարչական իրավունքի արդի զարգացումներին:

«Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է նոր օրենսգրքի նախագծի հիմնական կարգավորումները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.

✅ սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
✅սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
✅ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
✅վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:

Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները:

Ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա լավարկման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել արդյունավետ փոխգործակցությունը և քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ:

Նմանատիպ նյութեր