211652_close_icon
views-count93659 դիտում article-date 18:17 23-05-2024

Շղթայական ավտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են 2 «Mercedes», 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» բեռնատարը. կա 7 վիրավոր. մի մասը հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ու պարեկների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes»-ը, «Mercedes Sprinter»-ը, 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևան թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների բրիգադը:

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Շտապօգնության բժիշկները 2 անգամ են ժամանել նշված վայր, վիրավորներին տեղափոխել, ապա հետ վերադարձել:
Այդ պահին բժիշկները տեղում նաև հերթապահություն են իրականացնում:

Վիրավորներից երկուսին իրենց ծառայողական ավտոմեքենայով հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները:

Նրանք նույնպես վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ավտոմեքենաներում պահվող դեղատուփի մեջ գտնվող անհրաժեշտ պարագաներ:
Վիրավորներից երկուսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու նրանք նույնպես տեղում իրականացնում են հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի  հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:  

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արայիկ Հովհաննիսյանն ու Արշակ Գրիգորյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 281+
281+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր