211652_close_icon
views-count103701 դիտում article-date 22:27 07-08-2024

Խոշոր ավտովթար՝ Վանաձորում. բախվել են ծանր հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. բժիշկը, բուժքույրը, պացիենտն ու «Ford»-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի վայրում գտնվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, սակայն այդ տեղեկությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ճշտվելու է։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումը տեղի է ունեցել «Ford Transit»-ի և շտապօգնության ավտոմեքենայի միջև, որից հետո շտապօգնության ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes» և մեկ այլ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաների։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր