211652_close_icon
views-count1048 դիտում article-date 20:43 26-05-2024

Հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով

Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ: Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների հարազատներին։

 Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբեդ գետը մի իսկական ավերածություն է կատարել Լոռու մարզում։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը ամբողջությամբ փակված է, քանի որ գետի ափերի դուրս գալու պատճառով կամրջի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով շենք-շինություններ, այդ թվում՝ վագոն-տնակներ, մնացել են ջրի տակ, ջուրը լցվել է ասֆալտապատ ճանապարհը։

Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ երեկվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Տավուշի մարզում։ Աղստև գետի վարարման պատճառով ճանապարհներին տեղադրված բետոնե հենապատեր են փլվել, երկաթե ճաղավանդակներ ու ծառեր են կոտրվել, որոշ ճանապարհահատվածներում, մասնավորապես Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին վարչական տարածքում դպրոցի շենքի առջևի հատվածում է ճանապարհին մեծ վնաս պատճառվել, կոտրվել են գազախողովակների հենասյուներ, էլեկտրական սյուներ։

Նմանատիպ նյութեր