211652_close_icon
views-count1123 դիտում article-date 08:23 05-06-2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ՏԿԵ նախարարի մոր համար կառուցվող 230 հազար դոլար արժողությամբ տան գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ մինչ նախարար դառնալը՝ արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, եւ այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչեւ նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչեւ 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչեւ վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոց» կարվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր