211652_close_icon
views-count883 դիտում article-date 12:03 09-06-2024

Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված գիտաժողով է անցկացվել Սորբոնի համալսարանում

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում անցկացվել է «Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Գիտաժողովը կազմակերպվել է Սորբոնի համալսարանի դասախոս, ֆրանսիական և համեմատական ​​գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող, Բեռնար Ֆրանկոյի, Ազնավուր հիմնադրամի և «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Երկօրյա գիտաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, գիտաժողովի նախաձեռնող, Սորբոնի համալսարանի դասախոս Բեռնար Ֆրանկոն, Համալսարանի դասախոսներ, գրական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։

Գիտաժողովին Մեծ Արտիստի՝ որպես երգչի, երգահանի, բանաստեղծի, դերասանի, ​​ստեղծագործությունների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Ֆրանսիայի և միջազգային համալսարանների անվանի ակադեմիկոսներ, գրականագետներ, երաժշտագետներ։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Սորբոնի համալսարանին գիտաժողովի հյուրընկալման, ինչպես նաև բանախոսներին՝ հարուստ և հետաքրքիր քննարկումների համար: Անդրադարձել է աշխարհահռչակ մեծանուն Արտիստի՝ ինչպես բանաստեղծական, այնպես էլ երաժշտական և դերասանական ստեղծագործական հարուստ գործունեությանը, ընդգծել նրա հիշատակի ոգեկոչման, ինչպես նաև նրա ինքնատիպ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Շեշտել է իրեն 100% հայ և 100% ֆրանսիացի համարող մեծանուն գործչի անմնացորդ նվիրումն ու դերակատարությունը հայ ժողովրդի համար կարևոր հարցերում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, 1988 թվականի Հայաստանի ավերիչ երկրաշարժի և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատական անարդարության համատեքստում։ Բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում, ինչպես նաև Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր ի նպաստ երկրի զարացման նրա` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի ու դեսպանի նշանակալի ներդրումը։

Գիտաժողովի շրջանակում Սորբոնի համալսարանում կազմակերպվել է նաև Մեծանուն երգչի, բանաստեղծի հիշատակին նվիրված համերգ՝ երգչուհի, դերասանուհի Ժոանա Մանդիլի կատարմամբ և 1994թ․-ից ի վեր Շառլ Ազնավուրի խմբավար, կոմպոզիտոր, դաշնակահար Էրիկ Վիլմսի նվագակցությամբ:

Գիտաժողովը կազմակերպվել է L’Harmattan հրատարակչության կողմից հրապարակվող L’Orizzonte ժողովածուի տնօրեն Ջովանի Դոտոլիի հետ համագործակցաբար։ L’Harmattan հրատարակչության կողմից հրատարակվելու են երկօրյա գիտաժողովի արդյունքներն ամփոփող նյութերը:

Նմանատիպ նյութեր