211652_close_icon
views-count5210 դիտում article-date 19:20 20-06-2024

Շատ արագ ստեղծել շատ մրցունակ թիմ. Նոայի գլխավոր մարզիչը՝ կարճաժամկետ նպատակի մասին

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նշանակումից հետո  առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

«Ես 12 տարվա փորձ ունեցող մարզիչ եմ։ Որպես ֆուտբոլիստ՝ ես լավ որակներ չունեի։  Լավ հասկանում էի խաղը, ֆիզիկապես ուժեղ էի, բայց իմ ու գնդակի հարաբերություններն այդքան էլ լավ չէին։  Ես սիրում եմ ֆուտբոլը, այն իմ կիրքն է, իմ կյանքը։ Հասկացա, որ պետք է այլ ուղղությամբ գնամ, քանի որ, ես շատ մրցունակ եմ և միշտ ցանկանում եմ հաղթել։ Հասկացա, որ եթե որպես ֆուտբոլիստ չեմ կարողանալու նվաճել բարձունքներ, դա կանեմ այս ճանապարհով։ Ես կրթվեցի։ Այնուհետև սկսեցի աշխատել որպես գլխավոր մարզիչ։ Ես հնարավորություն ստացա աշխատելու իմ կուռքերից մեկի՝ պորտուգալացի լեգենդար հարձակվող Ռիկարդո Սա Պինտուի մարզչական շտաբում։ Այժմ ես այստեղ եմ։ Շատ ուրախ եմ։

Ինձ համար շատ հեշտ էր սիրել այս նախագիծը, քանի որ, երբ սկսեցինք խոսել պարոն Վարդանյանի հետ, զգացի, որ նա էլ է ցանկանում հաղթել, ցանկանում է զարգացնել ֆուտբոլը, լավացնել ամենը։ Ես ամբողջ կյանքում զգացել եմ, որ որքան էլ դու քո գործն ես անում, պետք է ինչ-որ բան քեզանից հետո թողնես։ Դա այն է, ինչ ես զգացի այստեղ»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

45-ամյա մասնագետի խոսքով իրեն ոգևորել է ակումբի ղեկավարության մոտեցումը․ «Իհարկե, մենք ցանկանում ենք առաջ գնալ, զարգանալ,ոչ միայն մեզ՝այլև մյուսների համար, որպեսզի զարգանան, և ընդհանուր առմամբ, ֆուտբոլն ավելի լավը դարձնեն։ Ըստ էության, հենց սա ստիպեց ինձ գալ այստեղ։  «Նոան» շատ լավ ակումբ է, որը ցանկանում է հասնել ավելի բարձր նպատակների։  Ինձ համար դա ամենակարևորն է: Ես շատ ուրախ եմ, ոչ միայն ֆուտբոլիստներով, որոնց հետ մենք նոր-նոր սկսում ենք հարաբերություններ կերտել, այլև՝ աշխատակազմով, մարդկանցով, որոնք շրջապատում են թիմը։ Իմ թիմից մի քանիսն ավելի վաղ են ժամանել այստեղ, նրանք ևս շատ լավ տպավորություններով էին կիսվել ինձ հետ։

Ինձ դուր է գալիս, երբ ես հայտնվում եմ մի թիմում, որտեղ բոլորն իրենց ներդրումն են ունենում հանուն ընդհանուր նպատակի։  Ես դա զգացի այստեղ։ Այո, կարճ ժամանակ է անցել, բայց ես զգում եմ դա։ Ես զգում եմ, որ բոլորն այստեղ մեկ ընդհանուր ալիքի վրա են ու բոլորը լավագույնն են ցանկանում իրենց ակումբի համար։ Երբ դու ունես այս ամենը, դու կարող ես յուրահատուկ մի բան ստեղծել»։

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին Մոտան ասել է․

«Իմ կարճաժամկետ նպատակներից է՝ շատ արագ ստեղծել շատ մրցունակ թիմ։ «Նոայում» բոլորը ջանք չեն խնայում, որպեսզի մեզ տրամադրեն շատ ուժեղ կազմ։  Մենք 24 ժամ աշխատում ենք՝ մեր թիմն ուժեղացնելու վրա, ինչը շատ կարևոր է։ Դա առաջին քայլն է։  Այդպիսի կազմ ունենալուց հետո, յուրաքանչյուր խաղում մենք դուրս ենք գալու հաղթելու։  Ես չգիտեմ՝ առանց այս տեսակ մոտեցման, ինչպես զբաղվել ֆուտբոլով։  Ես գիտեմ, որ երբեմն դուք կարող եք նաև չհաղթել։  Լավ, դա պետք է ընդունել, սակայն ամեն դեպքում, երբ խաղն ավարտվի, Դու պետք է նայես քեզ և ասես, որ ամեն բան արել ես, որպեսզի նվաճես այդ 3 միավորը։ Երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Իհարկե, ես չեմ սիրում պարտվել։ Անգամ, երբ խաղում եմ երեխաներիս հետ, չեմ գնում զիջումների։ Այսպիսի մարդ եմ ես»։

Պորտուգալացի մասնագետը նշել է, որ իր համար շատ կարևոր է նաև երիտասարդ ֆուտբոլիստների աճը․
«Ժամանակակից ֆուտբոլում, եթե ցանկանում ես զարգանալ, պետք է լավ ակադեմիա ունենաս, կարողանաս լավ խաղացողներ դաստիարակել։  Ինձ համար շատ հեշտ է աշխատել երիտասարդների հետ։ Ուր էլ գնամ, որ ակումբն էլ մարզեմ՝ ես սիրում եմ աշխատել երիտասարդ խաղացողների հետ։ Այնպես, որ նրանց համար իհարկե տեղ կլինի մեր թիմում, որպեսզի օգնենք նրանց զարգանալ, առաջ գնալ։

Ես տեսնում եմ «Նոային» Հայաստանի չեմպիոնի կարգավիճակում,որը իր հետքն է թողնում հայկական ֆուտբոլում և դա անում է ոչ թե մեկ անգամ, այլ կրկին ու կրկին։ Նպատակներից մեկն է խաղալ եվրագավաթներից մեկի խմբային փուլում։ Քայլերի մասին եթե խոսենք, անկեղծ ասած՝ պարոն Վարդանյանն իր նախագծով արդեն սկսել է այդ քայլերը, որոնցով բարձրացվում է շրջապատող ամեն ինչի որակը։  Ենթակառուցվածքները, մարզումային դաշտերը, լավ գրասենյակները, դրանք բաներ են, որոնք ֆուտբոլիստներին ավելի լավն են դարձնում։ Կարծում եմ դա ևս կարևոր է։  Որպեսզի մրցունակ թիմ ունենաս, պետք է ներգրավես լավ ֆուտբոլիստների։

Ինչպես նաև, ներգրավես երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք կհամալրեն առաջին թիմը։ Շատ կարևոր է, որպեսզի նրանք թիմին նվիրված լինելու զգացում ունենան,քանի որ մենք գիտենք, որ այն խաղացողը, որը հիմնական թիմ է հասել ակադեմիայից՝ յուրահատուկ ձևով է զգում թիմի «համն ու հոտը»։ Սրանք են անհրաժեշտ քայլերը։ Խաղի մասին եթե խոսենք, ապա պետք է նաև մի փոքր հաջողություն ունենալ, բայց այդ հաջողությունն ունենալու համար էլ պետք է աշխատել»։

Նորանշանակ մարզիչը դիմել է նաև երկրպագուներին՝ կարևորելով նրանց դերը թիմի հաջողության մեջ։

«Նոայի» երկրպագուներին առաջին հերթին խոստանում եմ,  որ մենք յուրաքանչյուր խաղում դրսևորելու ենք մեր լավագույն որակները,պայքարելու են մինչև մեր վերջին շունչը։  Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ երկրպագուներ ունենալ, քանի որ մենք սովորաբար ասում ենք, որ երկրպագուն մեր 12-րդ խաղացողն է։ Մեզ հաճելի կլիներ ունենալ հնարավորինս մեծ թվով երկրպագուներ, քանի որ խաղացողների համար, ինձ համար, ակումբը շրջապատող մարդկանց համար ավելի հաճելի է, երբ երկրպագուներդ կողքիդ են։Մենք ամեն ինչ կանենք, «Նոայի» երկրպագուներին հպարտության պահեր պարգևելու համար»,-եզրափակել է Ռուի Մոտան։

Նմանատիպ նյութեր