211652_close_icon
views-count1624 դիտում article-date 17:25 01-07-2024

ԱԱԾ-ից տեղեկություններ են ստացվել՝ պահեստազորում հաշվառված մի շարք անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Կառավարության 2023 թվականի որոշմամբ հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման ժամանակ Մարտունի համայնքի 2 բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից թույլ են տրվել ապօրինություններ, ինչի հետևանքով պահեստազորում հաշվառված մի շարք անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց: Մասնավորապես՝ իրականացված ստուգողական գործողություների արդյունքում պարզվել է, որ Ծովասար բնակավայրի ղեկավար Արտաշես Մխիթարյանը տեղեկանք է տրամադրել, որ Կ. Ա-ն բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ՌԴ-ում, սակայն տվյալ պահին վերջինս գտնվել է ՀՀ-ում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարչական շրջանի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ապա խնդրեց իրեն մի քիչ ուշ զանգենք, որ հասկանա՝ ինչ է տեղի ունեցել:

Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ նմանատիպ գործողություններ է կատարել նաեւ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարը՝ Սիրական Սիրականյանը: Նա տեղեկանք է տրամադրել, որ Դ. Դ-ն եւ Է. Ս-ն, Մ. Մ-ն, Ռ. Ե-ն, Ա. Գ-ն, Ռ. Ս-ն՝ Լիճք գյուղի բնակիչներ, բացակայում են ՀՀ-ից և գտնվում ՌԴ-ում, սակայն տվյալ պահին վերջիններս գտնվել են ՀՀ-ում: Այս դեպքով եւս նախաձեռնվել է քրեական վարույթ: Սիրական Սիրականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված քաղաքացիները, ում մասին տեղեկանք է տրամադրել, ամենեւին իր ծանոթ-բարեկամները չեն, համագյուղացիներն են.

«Զանգերը զինկոմիսարիատի աշխատակիցներն են կատարել, կապվել են նրանց մերձավորների, հարազատների հետ, նրանց հայտնած տեղեկությունների հիման վրա պահանջել են տեղեկանք: Մենք էլ տեղեկանք ենք տրամադրել: Ուրիշ ոչ մի բանից տեղյակ չեմ: Ես հնարավորություն չունեմ պարզելու՝ իրենք ՀՀ-ում են, թե՞ ոչ: Մի անգամ ոստիկանությունից եկել են, հարց ու պատասխան են արել, գնացել, պատշաճ ձեւով չեն ներկայացրել՝ ինչումն է խնդիրը: Նշված քաղաքացիների հարազատները զինկոմիսարիատի աշխատակիցների հետ հեռախոսազրույցում ստել են, թե ինչ են արել, չեմ կարող ասել, բայց տեղեկանքը տրվել է նրանց հարազատների ասածների հիման վրա»:

Նմանատիպ նյութեր