211652_close_icon
views-count907 դիտում article-date 23:26 03-07-2024

Ֆրանսիացիները գյուղատնտեսական իրենց փորձն են ներկայացրել Մարտունիում

Հուլիսի 2-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Այցի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն է։
 
Մարտունի համայնքի ղեկավարը ֆրանսիական կողմին ներկայացրեց Մարտունի համայնքի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները, համայնքում գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունները՝ բուսաբուծության, անասնապահության, պտղատու այգեգործության ճյուղերը, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
 
Խոսվեց համայնքի բնակչության զբաղվածության, հիմնականում մշակվող բանջարաբոստանային կուլտուրաներից կարտոֆիլի, կաղամբի, լոբազգիների, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի մասին։ Ներկայացվեց նաև խոշոր եղջերավոր կենդանիների ցեղատեսակների, դրանցից ստացվող կաթի, մսի որակի ու արտադրողականության, կաթնամթերքի վերամշակման արտադրամասերի վերաբերյալ տեղեկություններ:
 
Հյուրերի մոտ հետաքրքրություն առաջացրեց Մարտունի համայնքի բավականին թվով արոտավայրեր ունենալու փաստը, որը մեծ հնարավորություններ է ընձեռում ոչխարաբուծությամբ զբաղվելու համար: Նրանք ցանկություն հայտնեցին նոր ցեղատեսակներ տրամադրելու միջոցով՝ ներդրումներ կատարել տվյալ ոլորտում:
 
Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրին Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ուժերով ուսումնասիրել համայնքի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։
 
Ներկաներն անդրադարձան համայնքի պտղատու այգիներին, իրականացրին պտղատեսակների, որակի, բերքատվության վերաբերյալ ուսումնասիրություն, որը հյուրերի կողմից նույնպես արժանացավ հավանության: Նրանք ցանկություն հայտնեցին ներդրումներ կատարել այդ ոլորտի զարգացման մեջ՝ նոր սորտերի ձեռքբերման և սառնարանային տնտեսությունների թվաքանակն ավելացնելու միտումով:
 
Հանդիպման վերջում մասնակիցները պայմանավորվեցին ամբողջական ուսումնասիրություններ իրականացնելու ավարտից հետո անցնել գործնական փուլի:
 
Համայնքի ղեկավարը ողջունեց ֆրանսիական պատվիրակության անդամների ներկայացրած առաջարկը՝ նշելով, որ համագործակցության իրականացման արդյունքում Մարտունի համայնքը կունենա գյուղատնտեսության ոլորտի նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ, նոր սերմացուներ ու ցեղատեսակներ, և դրա շնորհիվ կունենանք ժամանակակից, զարգացած գյուղատնտեսություն:

Նմանատիպ նյութեր